Առաջին անգամ Բրազիլիայում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցող հայ մարզիկները հայտնվել են սկանդալի կենտրոնում: Բանն այն է, որ հենց «Զվարթնոց» օդանավակայանում նրանք հայտնաբերել են, որ իրենց տոմսերի հետ կապված անախորժություն կա, լիարժեք գնում չէր կատարվել:
ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական Ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ նրանք պետք է թռչեին եւ հասնեին Դուբայ, իսկ արդեն այնտեղից հետո խնդիրներ կունենային ճանապարհը շարունակելիս:
Բայց կասկածելի էր անգամ մինչեւ Դուբայ հասնելու խնդիրը, քանի որ 18 մարզիկներից բաղկացած պատվիրակությանը հայտնել էին, թե այժմ թող թռչեն 12 մարզիկ, իսկ հետո՝ մնացած 6-ը: «Դա կասկածանքի տեղիք տվեց, խորացանք, գնացինք ավիատոմսերը գնելու մրցույթում շահած ընկերություն՝ «Բրենդ Մեդիա Տրանս» ՍՊԸ, նրանք մեզ հայտնեցին, որ իրենք պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, այդ կինն էլ իրենց է գցել եւ իբր արդեն իրեն ձերբակալել են»,- նշեց Արա Մեհրաբյանը:
Այնուհետեւ, նրանք արգելեցին հայկական պատվիրակությանը թռչել, որպեսզի խուսափեն հետագա անախորժություններից, ֆեդերացիան ձեռնամուխ եղավ իր միջոցներով վերջին պահին մեծ դժվարությամբ նոր տոմսեր գնելուն եւ վերջապես ժամեր ուշացումով մարզիկները կարողացան թռնել: Արա Մեհրաբյանն հայտնեց, որ մարզիկներն արդեն Բրազիլիայում են, նորմալ տեղ են հասել, այսօր նրանք կմասնակցեն քայլարշվին, վաղը՝ մրցումներին, Հայաստան կվերադառնան դեկտեմբերի 4-5-ին:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչու են այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքել, Արա Մեհրաբյանն ասաց, որ «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է 4-5 կազմակերպություն, արդյունքում՝ մրցույթը շահել է «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ն: «Ստացվում է, որ իրենք մեզ կուլտուրական ձեւով գցել են»,- ասաց Ֆեդերացիայի նախագահը:
Նրանք արդեն դիմել են ոստիկանությանը, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկվի, ինչպես նաեւ դիմել են Ֆինանսների նախարարությանը, որպեսզի այլեւս թույլ չտան նման կազմակերպությունների մասնակցելու մրցույթին: Դիմել են նաեւ այդ կազմակերպությանը, որպեսզի պայմանագիրը չեղյալ համարեն եւ պահանջել են փոխհատուցում, այժմ երեքօրյա ժամկետում նրանք պետք է վերադարձնեն տոմսերի գումարները, այլապես այդ հարցերը կլուծվեն դատական կարգով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նոյեմբերի 25-ին «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ի տնօրենը դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նշելով, որ ընկերությունը նոյեմբերի սկզբներին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղեւորվելու նպատակով 18 տոմս ձեռք բերելու համար ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորիա Մ-ին փոխանցել է մոտ 12 մլն դրամ, որը վերջինս յուրացրել է. Դեպքի առթիվ նոյեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:Այդ հոդվածով սահմանվում է յուրացումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նույն օրը Վիկտորիա Մ-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ հայ մարզիկներն առաջին անգամ են մասնակցում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային: Դպրոցականների հանրապետական մարզական Ֆեդերացիայի միայն 2012թ է դարձել լիիրավ անդամ, եւ արդեն այս տարի նրանց մասնակցության հայտը բավարարել են՝ ինչ-որ տեղ ընդառաջելով: Այնուհետեւ Ֆեդերացիան մրցումներ է կազմակերպել, եւ ընտրել 1996-1999թթ ծնված լավագույն մարզիկներին՝ մարմնամարզության, լողի, աթլետիկայի, շախմատի, ձյուդոյի ասպարեզում: Ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, որը պետական աջակցություն է ստանում Կրթության եւ գիտության նախարարության կողմից:
Ինգա Մարտինյան




























