ԵՄ Արեւելյան գործընկերության Գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս կատարած այցի շրջանակում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նոյեմբերի 27-ին Լիտվայի էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի հետ:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը, ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանը, ուղղակի օդային հաղորդակցության հնարավորություններին, արդյունաբերության եւ ազատ տնտեսական գոտիների ոլորտում փորձի փոխանակմանն առնչվող խնդիրներ: Նաեւ նշվել է, որ ներդրումների եւ առեւտրաշրջանռության ծավալների ավելացման համար կա անհրաժեշտ ներուժ, եւ փոխադարձ գործարար համաժողովների ու այցերի միջոցով անհրաժեշտ է խորացնել հարաբերությունների զարգացումն այդ ուղղություններով:
Կողմերը կարեւորել են Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի ստեղծման գաղափարը, քանի որ այն կարեւոր ձեւաչափ է երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Արդյունքում որոշվել է, որ առաջիկայում երկու երկրների դեսպանությունների միջոցով կմեկնարկեն հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտ ընթացակարգերը՝ համապատասխան իրավական հիմք ապահովելու նպատակով:
Կողմերը անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին եւ նշել, որ վերջին տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերություններն այս ոլորտում դինամիկ կերպով զարգացել են եւ, դրանցով պայմանավորված, մի շարք ուղղություններով էական բարեփոխումներ են իրականացվել: Այդ համատեքստում ողջունվել է նաեւ ԹՎԻՆՆԻՆԳ ծրագրերում Լիտվայի մասնակցությունը, նշվել է, որ Հայաստանի կողմից ներկայացվելիք հետագա ծրագրերում եւս Լիտվան պատրաստակամություն կդրսեւորի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ վերջին զարգացումները ՀՀ-ԵՄ հարաբերություններում, մասնավորապես Հայաստանի կողմից Եվրասիական Մաքսային Միության անդամակցության վերաբերյալ որոշումը եւ շեշտվել է, որ նոր իրավիճակում կողմերը պետք է ձգտեն հնարավորության սահմաններում զարգացնել հարաբերություններն ու ապահովել ընթացիկ բարեփոխումների շարունակականությունը:




























