Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ Պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի այսօր՝ նոյեմբերի 28-ին, բավարարել է խոշտանգումների ենթարկված Գրիշա Վիրաբյանի վճռաբեկ բողոքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը թողել էր անփոփոխ:
Հիշեցնենք, որ 2004թ. ապրիլի 12-13-ի դեպքերի ժամանակ ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանին տանում են ոստիկանություն` ապօրինի զենք պահելու պատճառաբանությամբ: Վիրաբյանի պնդմամբ, ոստիկանությունում իրեն դաժան ծեծի է ենթարկել ոստիկանապետ Աշոտ կարապետյանը, ով այսօր Երեւանի ոստիկանապետն է: Վիրաբյանը ստանում է բազմաթիվ վնասվածքներ, որի հետեւանքով ամորձիներից մեկը հեռացվում է:
Հարուցվում է քրեական գործ` ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով, որն այնուհետ կարճվում է` հիմնավորմամբ, թե ոստիկաններն ինքնապաշտպանվել են, ուստի նրանց արարքում որեւէ հանցակազմ չկա, իսկ Վիրաբյանին էլ որոշել են չդատել: 2005-ին այս գործը հայտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում`«Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վերտառությամբ, իսկ 2012թ. հոկտեմբերի 2-ին հրապարակվում է վճիռը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունից ստացավ 31 հազար եվրո փոխհատուցում։





























