«Արթիկ» ՔԿՀ-կ հիմնարկում ներքին դատավարության ընթացքում երեկ նոյեմբերի 27-ին «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը ինքնավնասման փորձ է արել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Կարինե Հակոբյանը:
Նա փոխանցեց, որ դատավարության ընթացքում քննվել է Հակոբյանին հասանելիք մեկշաբաթյա արձակուրդ տրամադրելու հարցը, սակայն դատարանը մերժել է: Արտակ Հակոբյանը ինքնաբացարկ է ներկայացրել եւ պահանջել, որ դատավարությունը իրականացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն մերժում ստանալուց հետո գլխով խփել է սեղանին, ջարդել է աթոռը: Իսկ երբ նրան հեռացրել են դատական նիստերի դահլիճից, մեխով վնասել է ոտքը:
Արտակ Հակոբյանը դատապարտվել է խուլիգանության հոդվածով 5,5 տարվա ազատազրկման, որից 3,5 տարին արդեն անցկացրել է: Իսկ հոկտեմբերի 3-ին ԱԺ-ի կողմից ընդունված համաներման որոշմամբ՝Արտակ Հակոբյանի պատիժը կրճատվել է 1 տարով: Հիմա ցանկանում է օգտվել իրեն հասանելիք մեկ շաբաթվա արձակուրդի իրավունքից, սակայն չեն տրամադրում:





























