Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երեւանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է Մոսկվայի թիվ 1305 միջնակարգ դպրոց:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Այցի հիմնական նպատակը Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետերի ստորագրած համագործակցության ծրագրի շրջնակում գործակցության հաստատումն ու զարգացումն է երկու մայրաքաղաքների Կենտրոն վարչական շրջաններում գտնվող դպրոցների միջեւ: Այս ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արա Սադոյանի եւ Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Ֆուերի հանդիպման ժամանակ:
Դպրոց այցի շրջանակում Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալի Ստեփանյանը եւ Մոսկվայի թիվ 1305 միջնակարգ դպրոցի տնօրեն Օլգա Մորոզովան կնքել են համագործակցության պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է երկու դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների միջեւ փորձի փոխանակման ծրագրերի իրականացում, փոխայցեր, հեռուստակամուրջներ եւ մի շարք այլ ծրագրեր:
Տնօրենի ուղեկցությամբ Արա Սադոյանն ու Նատալի Ստեփանյանը նաեւ շրջել են դպրոցում եւ ծանոթացել կրթական գործընթացի կազմակերպմանը:




























