Դանիայում Հայաստանի դեսպանատանը նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստանը եւ Եվրախորհուրդը» խորագրով քննարկում, որը կազմակերպվել էր Դանիայում Հայաստանի դեսպանության եւ «Եվրոպական շարժում» դանիական հասարակական կազմակերպության կողմից:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկման թեմաներն էին ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության արդյունքները, ԵԽ Նախարարների կոմիտեում Ավստրիայի նախագահության գերակայությունները, Դանիայի եւ Եվրոպայի Խորհրդի փոխհարաբերությունները, որոնք ներկայացրել են համապատասխանաբար ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, Դանիայում Ավստրիայի դեսպան Էռնստ-Պետեր Բրեզովսին եւ Դանիայի Խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության փոխնախագահ Միքայել Աաստրուպ Յենսենը: 

Քննարկմանը ներկա էին Դանիայում Ավստրիայի դեսպանության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:

Քննարկումը սկսվել է «Եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ եւ Կոպենհագենի քաղաքային խորհրդի անդամ Յենս Քրիստիան Լյուտկենի խոսքով, ով ներկայացրել է քննարկման թեմաները եւ բանախոսներին:

ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն  իր խոսքում նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում  իր առաջին նախագահությանը: Այնուհետեւ նա թվարկեց Հայաստանի նախագահության գերակայությունները, ինչպես նաեւ անցկացված նշանակալի միջոցառումները: 

Այնուհետեւ ելույթ են ունեցել ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության փոխնախագահ Միքայել Աաստրուպ Յենսենը, ով ծավալուն անդրադարձ է կատարել հայ-դանիական հարաբերությունների պատմությանը:

Վերջում ելույթ է ունեցել Ավստրիայի դեսպան Էռնստ-Պետեր Բրեզովսկին, ով շնորհավորելով Հայաստանին շատ հաջողված նախագահության համար, ներկայացրել է Ավստրիայի նախագահության գերակայությունները: Նա կարեւորել է Ավստրիայի նախագահության ընթացքում 2014թ. մայիսին անցկացվելիք նախարարական համաժողովը`  որը նվիրված  է լինելու ԵԽ կազմավորման 65-ամյակին եւ նպատակ է ունենալու քննարկել ԵԽ ու ԵԱՀԿ միջեւ երկարաժամկետ համագործակցության ծրագրերը: