Նոյեմբերի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Մաշտոցի  եւ Աշտարակի բաժնի  ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցից  ոստիկանության  Մաշտոցի բաժին բերման են ենթարկել  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված  Արթուր Շ.-ին եւ ուղեւոր, 1966  թ. ծնված Սարգիս Շ.-ին, որտեղ վերջինիս գրպանից հայտնաբերվել է   դեղահաբ` «Բ-8» դրոշմվածքով, իսկ ավտոմեքենայի սրահից` ծխախոտի փայլաթերթով փաթեթավորված 4 նույնատիպ հաբեր:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե համաձայն փորձագետի եզրակացության` հայտնաբերվածը «Բուպրենոֆին» տեսակի թմրամիջոց է:

Նույն օրը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` խուզարկություն է կատարվել Սարգիս Շ.-ի` Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում  գտնվող տանը, որտեղ տան տակ գտնվող ավտոտնակի մետաղյա պահարանի վրայից հայտնաբերվել է թղթե արկղ, որի մեջ առկա էր գործարանային փաթեթավորմամբ գետնանուշի պարկ: 36 հատ գետնանուշի կեղեւների միջից հայտնաբերվել են «Բ-8» գործարանային դաջվածքով 36 դեղահաբ, նույն արկղի մեջ գտնվող մազերի լվացման հեղուկի միջից հայտնաբերվել է   5.05 գ յուրահատուկ հոտով կոշտ զանգված:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Սարգիս Շ.-ն  ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: