Վենեսուելայի Կատատումբոյի համայնքապետարանն իր ղեկավարած շրջանը հռչակել է «Կայծակների համաշխարհային մայրաքաղաք»:  Տեղի իշխանություններն այս մասին հայտարարել են չորեքշաբթի երեկոյան, երբ Գինեսի ռեկորդների գիրքը հայտնել էր, որ Կատատումբո շրջանում գրանցվել է աշխարհում մթնոլորտային էլեկտրական պարպումների ամենաբարձր կոնցետրացիան` տարեկան 250 անգամ` յուրաքանչյուր քմ-ում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախկին ռեկորդը պատկանում էր Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության Կիֆուկա շրջանին, որտեղ կայծակների քանակը տարեկան 152 է` յուրաքանչյուր քմ-ում:

Ըստ գիտնականների` Կատատումբո գետի հովտում տարեկան կայծակների թիվը գերազանցում է միլիոնը: Ընդ որում, կայծակների ժամանակ ամպրոպի որոտը չի լսվում. կայծակները փայլատակում են 10 կմ բարձրությունում` լուսավորելով հսկայական տարածություններ: Նախկինում նավաստիներն այդ ապշեցուցիչ բնական ֆենոմենն անվանում էին Կատատումբոյի փարոս, քանի որ կայծակի փայլատակումները տեսանելի էին մինչեւ 400 կմ հեռավորությունից: