Վիլնյուսում, նոյեմբերի 29-ին, կայանալիք գագաթաժողովի արդյունքում ստորագրվելիք հռչակագրի նախնական տեքստի Հայաստանին վերաբերող հատվածում, մասնավորապես, շեշտվում է Եվրամիության եւ Հայաստանի հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու եւ թարմացնելու անհրաժեշտությունը, հաղորդում է Azatutyun.am-ը:

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ կողմերը «վերահաստատում են իրենց հաստատակամությունը՝ ավելի զարգացնելու եւ խորացնելու համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:

Հռչակագրի նախնական տեքստում արտացոլվել է նաեւ Հայաստանի՝ անսպասելիորեն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի կնքումից հրաժարվելու հանգամանքը: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է․ «Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում գագաթաժողովի մասնակիցները վերահաստատում են յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու Եվրամիության հետ հարաբերությունների իրենց համար ցանկալի մակարդակը եւ նպատակները»:

Հիշեցնենք՝ Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման վերաբերյալ չորս տարի տեւած եւ հաջողությամբ ավարտված բանակցություններից հետո, սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ համատեղ Մաքսային միության կազմի մեջ մտնելու ցանկության մասին, այդպիսով, փաստորեն, կասեցնելով Եվրամիության հետ ասոցացման գործընթացը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում