Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամները ներկա են գտնվել «Երեւանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում անցկացվող Մոսկվա-Երեւան պատանեկան մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Չերտանովո» մարզահամալիրում անցկացվող խաղերին մասնակցում են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների հանրապետական տարբեր մրցաշարերի մեդալակիր եւ գավաթակիր սաները: Ազատ ըմբշամարտի, ձյուդոյի, սեղանի թենիսի եւ շախմատի պատանի 18 մարզիկ պայքարելու է լավագույն արդյունքների համար: Ի դեպ, վերջինի` շախմատի մրցամարտերին մասնակցելու են գրոսմայստերները:
Պատվիրակության անդամները, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով եւ շնորհավորելով մարզական թիմին, մաղթել են հաջող մրցելույթներ եւ հաղթանակներ` բարձր պահելով Երեւանի պատիվը:
Մարզիկներն ու մարզիչները իրենց հերթին շնորհակալություն հայտնելով՝ վստահեցրել են, որ շարունակելու են մարզական հաջողությունների լավագույն ավանդույթները եւ պայքարելու են հաղթական տեղերի համար` միաժամանակ նաեւ նշելով, որ իրենց համար մրցումների կարեւորությունը երկու ժողովուրդների բարեկամությունն է:





























