Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երեւանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան արեւելյան լեզուների խորացված ուսուցմամբ հ. 2042 կրթահամալիր: Շարունակելով Լազարյան ճեմարանի ավանդույթները` այստեղ դասավանդում են հայերեն, արաբերեն եւ պարսկերեն: 2008 թվականին բացված կրթական հաստատությունում ներկայում սովորում է 38 ազգությունների շուրջ 600 երեխա, որոնցից 220-ը հայ աշակերտներ են:
Դպրոցի տնօրեն, ՌԴ պատվավոր ուսուցիչ Սեդա Գալոյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով հաստատության պատմությունն ու իրենց կողմից իրականացվող աշխատանքները, շնորհակալություն է հայտնել քաղաքապետին դպրոց այցի համար, նաեւ հավելել, որ կրթօջախն իսկապես հատուկ կարեւորություն ունի Մոսկվայի հայ համայնքի կյանքում` իր նպաստը բերելով հայոց լեզվի եւ հայապահպանության հարցում:
Տարոն Մարգարյանն իր հերթին, կարեւորելով կրթահամալիրի դերակատարումը աշակերտների հայրենասիրական դաստիարակության հարցում, ընդգծել է, որ այն իսկապես կարեւոր նշանակություն ունի Մոսկվայի հայ համայնքի հայեցիության պահպանման ու խթանման պատասխանատու առաքելության գործում:
«Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցը կառավարում է նման կրթահամալիր, որն իսկապես ազգերի բարեկամության ամրապնդման լավագույն օրինակն ու ապացույցն է: Երեւանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է ձեր կողքին լինելու եւ աջակցելու Երեւանի հանրակրթական դպրոցների հետ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ դպրոցի տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել եւ ծանոթացել է կրթահամալիրի գործունեությանն ու նաեւ մասնակցել Մոսկվայում Երեւանի օրերի կապակցությամբ կազմակերպված երեկույթին: Հատկանշական է, որ Երեւանից ժամանած հյուրերին իրենց ելույթներով ողջունել են ինչպես հայ, այնպես էլ դպրոցի այլազգի աշակերտները:
Դահլիճում ներկա հանդիսատեսը հատկապես բուռն է արձագանքել ազգությամբ ոչ հայ սաների հայկական կատարումներին եւ պարային համարներին:
Երեկույթի ավարտին սաների Երեւան այցը կազմակերպելու ուսուցիչների խնդրանքին ի պատասխան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ կնախաձեռնի համապատասխան քայլեր երեխաների ցանկությունը հնարավորին արագ կյանքի կոչելու ուղղությամբ:





























