Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ՌԴ մայրաքաղաքի «Արարատ Պարկ Հայաթ» համալիրի ընդունելությունների սրահում կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացված Երեւանի օրերի միջոցառումների ծրագիրը:

Ընդունելությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի կառավարության անդամներ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գիտության, արվեստի եւ մշակույթի հայազգի եւ ռուս անվանի գործիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է ներկաներին եւ, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել բոլորին Մոսկվայում Երեւանի օրերի անցկացման հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ ջերմ եւ բարեկամական վերաբերմունքի համար:

Պաշտոնական ընդունելության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Երեւանի եւ Մոսկվայի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգեւատրվել Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին, Ռուսաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկիտա Միխալկովը եւ Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը:

Այնուհետ ներկաները ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում հնարավորություն են ունեցել շփվելու Երեւանի քաղաքապետի հետ եւ իրենց տպավորությունները կիսելու Մոսկվայում  Երեւանի օրերի միջոցառումների ծրագրի հետ կապված: Անխտիր բոլորը բարձր են գնահատել կազմակերպված միջոցառումների բազմազանությունը, ինչպես նաեւ դրանց ճաշակն ու որակը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել բոլորին ջերմ վերաբերմունքի եւ այն պատրաստակամության համար, որով ներկաներից շատերը հերթական անգամ գործնականում փաստել են երկու մայրաքաղաքների կապերի ամրապնդման հարցում իրենց անկեղծ նվիրումը:

Հավելենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Երեւան կվերադառնա նոյեմբերի 29-ի երեկոյան: