Ղրղըզստանի պատգամավորները երկրի քրեական օրենսգրքի փոփոխություններ են մշակել, որոնք հարսնացուների առեւանգման համար պատժի խստացում են նախատեսում: Պատգամավորները վստահ են, որ հարսնացուների առեւանգման հետ կապված դրությունը երկրում հակասում է անձի անվտանգությանը, ինչպես նաեւ մարդու իրավունքներին եւ ազատություններին:

Պատգամավորների կարծիքով՝ դարերի այդ ավանդույթը նվաստացնում է մարդու արժանապատվությունը: Այն լայն տարածքում է ստացել ԽՍՀՄ փլուզումից եւ անկախության հռչակումից հետո: Տեղական օրենքներով՝ հարսնացուների առեւանգման համար  5-10 տարվա ազատազրկում է սպասվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ամենից հաճախ հարսնացուի եւ փեսացուի ծնողները համաձայնության են գալիս նախաքննական փուլում կամ դատական լսումների ժամանակ, ինչը թույլ է տալիս խուսափել պատժից:

Հարցի խաղաղ կարգավորման այս միջոցը զրոյի է հավասարեցնում խորհրդարանի՝  հարսնացուների առեւանգման դեմ պայքարը: Պատգամավորները մտադիր են ուժայիններին առանց տուժող կողմի համաձայնության քրեական գործ հարուցելու լիազորություն հատկացնել: