Ավստրիացի լրագրող Մարկուս Բերնատը Ադրբեջանի ԱԳՆ-ին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հարցում գրաքննության քաղաքականություն վարելու մեջ: Իր կարծիքը լրագրողն արտահայտել է «Բաքվի սեւ ցուցակները» հոդվածում, որը հրապարակվել է Der Standard-ում ու վերատպվել inopressa.ru-ում:
«Ի՞նչ ընդհանոր բան ունեն ավստրիացի քաղաքական գործիչ Էվալդա Շտադլերը ու իսպանացի օպերային երգիչ Մոնսերատ Կաբալյեն: Ոչինչ, բացի նրանից, որ նրանց ֆիլները ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում»: Այնտեղ կարող է հայտնվել ցանկացած մեկը, ով մեկնի Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանական կողմն այդպես է հակազդում «Ադրբեջանի տարածքներ ապօրինի ներխուժելու դեմ»»,-նշել է լրագրողը:
Այս տարվա օգոստոսին պաշտոնական Բաքուն առաջին անգամ հրապարակել է «Լեռնային Ղարաբաղ այցելած անցանկալի անձանց ցուցակը»: Ներկայումս դրանում ներառված է 331 օտարերկրացի:
Լրագրողը նշել է, որ ոչ մի քննարկում չի ազդում, ադրբեջանական դեսպանատներն ու ԱԳՆ-ն չեն լսում այն փաստարկները, որ լրագրողական գործունեությունը անկլավի անկախության ճանաչում չէ եւ հակամարտության լուսաբանման համար անհրաժեշտ է մեկնել դեպքի վայր, ծանոթանալ տեղանքին ու պատասխանատու այրերին: Բաքվի «սեւ ցուցակը» յուրօրինակ գրաքննություն է, եզրափակել է լրագրողը:





























