«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի վիճակը նորմալ է, որեւէ բողոք չունի, անձնակազմից գոհ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը։

Նա մինչ ասուլիսի գալը այցելել է «Նուբարաշենի» հոգեբուժարանում գտնվող իր պաշտպանյալին, այդ պատճառով էլ կես ժամ ուշացել է լրագրողների հետ հանդիպումից։

Ինեսա Պետրոսյանն ասաց, որ Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, անօրինական, այն իր պաշտպանյալը չի ընդունել եւ որեւէ ցուցմունք չի տվել։ Նա նշեց, որ այն ոստիկանը, որի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվում է Շանթ Հարությունյանը, եղել է քաղաքացիական հագուստով, ոչ թե ոստիկանական համազգեստով, եւ Շանթը չէր կարող իմանալ, որ տվյալ անձնավորությունը ոստիկանության աշխատակից է, թե ոչ։

Ինեսա Պետրոսյանն ասաց, որ միջադեպի օրը, երբ ինքը նկատել է, որ սադրիչներ կան, ի սկզբանե տեղեկացրել է, որ «խնդրում ենք որեւէ մեկին չսադրել, մերը խաղաղ երթ է, եւ եթե լինեն սադրանքներ, կլինեն համարժեք պատասխաններ, այդ է պատճառը, որ նա իր հետ բերել է նաեւ փայտերը»։ Շանթ Հարությունյանը կասկածներ ունի, որ իր շարքերում եւս եղել են դրածոներ, կան կալանավորված անձինք, որոնց Շանթը չի ճանաչում եւ հնարավոր է նրանք եւս լինեն սադրիչներ։

«Ինքը ասում է որ մենք նույնպես վճռական ենք եղել, անզիզջում մեր սահմանադրական իրավունքն իրականացնելիս, նաեւ ասում է թող ինձ եւ իմ ընկերներին չխառնեն մյուս ընդդիմադիրների հետ։ Շանթը դեռ չի էլ հասցրել սկսել իր երթը, տեղի են ունեցել բախումները, միանգամից սադրիչները սադրել են եւ տեղի է ունեցել այն, ինչն եղել է։ Նա նշել է որ խնդրում ենք մի սադրեք, նրանք չեն հասցրել դուրս գալ Մաշոտցի պողոտա, սադրիչները սկսել են քաշքշուկ անել»,-ասաց Ինեսա Պետրոսյանը։ 

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 19-ին բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին ուղարկել Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու։

Հիշեցնենք, որ 2008թ. Մարտի 1-ից հետո «Յոթի գործով» անցնող  Շանթ Հարությունյանը, որը  մեղադրվում էր ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»), 2009թ. մայիսի 13-ին ազատ արձակվեց փորձագետների եզրակացության հիման վրա՝ առ այն, որ Շանթ Հարությունյանը «հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ է եղել»։