Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ «հանդուրժողականություն» ցուցաբերելու մասին հայտարարությունների սնոտիությունն ապացուցող հերթական միջադեպն է արձանագրվել:
Vesti.Az-ը, վկայակոչելով azerinews.tv-ն, հայտնում է, որ իրենց խմբագրությունը Բաքվի Նարիմանովի շրջանի N 7 մանկական պոլիկլինիկայի 280 աշխատակիցների անունից նամակ է ստացել: Նամակագիրներին վրդովվեցրել է գլխավոր բժշկի պաշտոնում հայկական ծագմամբ Լոլիտա Ջուվարլինսկայայի նշանակումը, որը նախկինում N 14 մանկական պոլիկլինիկայի տեղամասային բժիշկն էր:
«Այս նշանակումը մեր կոլեկտիվը, որում կան եւ փախստականներ, եւ հարկադիր վերաբնակեցվածներ, եւ շահիդների ընտանիքներ, գնահատում է որպես անհարգալից վերաբերմունք եւ վիրավորանք: Մարդիկ իրենց հարց են տալիս՝ ինչո՞ւ պետք է պետական պոլիկլինիկան հայուհին գլխավորի: Ինչո՞ւ մեզ պետք է ղեկավարի մեկը, ով 53 տարում այդպես էլ չի սովորել պետական լեզուն: Լոլիտա Ջուվարլինսկայան անցանկալի անձ է ինչպես մեզ, այնպես էլ ամբողջ հասարակության համար», - ասված է նամակում:
«Մեզ հաջողվեց զրուցել N 7 մանկական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Լոլիտա Ջուվարլինսկայայի հետ: Նա ասաց, որ իր համար չափազանց տհաճ է այս պատմությունը: «Ես՝ Ալիեւա Լոլիտա Աբդուլգիզիս, ծնվել եմ 1959թ. Բաքվում: Ամուսինս ադրբեջանցի է՝ Ֆիզուլիի շրջանից, ես նրա ազգանունն եմ վերցրել:
Որտեղի՞ց են այս ակցիան նախաձեռնողները եզրակացրել, թե ես հայ եմ: Ես այլեւս ասելու բան չունեմ, քանի որ տհաճ է այս թեմայով խոսելը», - ասել է Ջուվարլինսկայան:
Ի դեպ, հատուկ վայ-հայրենասերների համար նշենք, որ նա բոլոր հարցերին մաքուր ադրբեջաներենով էր պատասխանում», - գրում է աղբյուրը:





























