Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եղել եւ մնում է հանրապետության առաջատար կուսակցությունը, որպես ավանդական ընդդիմադիր ուժ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Տաճատ Սարգսյանը:
Անդրադառնալով կուսակցության ղեկավարի հրաժարականին, նա նշել է, որ խոսքը միայն աշխատանքային գործընթացի մասին է: «Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երկարատեւ աշխատանքից հետո Կենտկոմի պլենումին խնդրել է ազատել իրեն այդ պաշտոնից: Պլենումն ինձ հանձնարարել է կատարել առաջին քարտուղարի լիազորությունները մինչեւ կուսակցության գարնանը կայանալիք համագումարը»,-ասել է Սարգսյանը:
Խոսելով Հայաստանի խորհրդայնացման մասին (1920-ի նոյեմբերի 29-ին) նա հիշեցրել է, որ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին, օրական Երեւան էր ժամանում մոտ 2000 բեռնատար վագոն: «Պատահական չէր, որ ասվում էր. «Եթե ուզում եք հրաշք տեսնել, այցելեք Խորհրդային Հայաստան», կամ «Խորհրդային Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ»: Խորհրդային իշխանության շրջանը Հայաստանի համար ամենածաղկողն է եղել: 70 տարիները «ոսկեդար» էին հայ ժողովրդի պատմության մեջ»,-ասել է Տաճատ Սարգսյանը:





























