Ուկրաինայի գործարաններում եւ ֆաբրիկաներում Մաքսային միության ջատագովները  եվրաինտեգրման դեմ հավաքներ եւ ցույցեր են  անցկացնում «Մեր շարժիչները Եվրոպային պետք չեն», «Ուկրաինան եւ Ռուսաստանը՝ ռազմավարական գործընկերներ» կարգախոսներով, հայտնում է Ուկրաինայի Առաջին ազգային հեռուստաալիքը:

Մասնակիցները կոչ են արել հրաժարվել Վիլնյուսի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը քաղաքականացնելուց եւ ղեկավարվել տնտեսական իրողություններով: Մասնավորապես, եվրաինտեգրման դեմ հանդես է եկել Դնեպրոպետրովսկի էլեկտրաքարշաշինական գործարանը, որի արտադրանքի  90%-ն արտահանվում է Ռուսաստան եւ Ղազախստան:  «Եվրամիության հետ համաձայնագիրը վատ կանդրադառնա մեր ձեռնարկության վրա, վախենում եմ, որ այն անգամ կփակվի: Բնականաբար, 1400 աշխատակիցներ անգործ կմնան», - հայտնել է գործարանի տնտեսական գծով տնօրեն Դմիտրի Սկոպենկոն:

Նման հավաք են անցկացրել նաեւ Զապորոժյեի ավիաշարժիչների գործարանի աշխատողները, որի արտադրանքի երեք քառորդը արտահանվում է ԱՊՀ երկրներ: Ըստ կառավարման խորհրդի ղեկավար Սերգեյ Ֆիլիպենկոյի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու դեպքում ոչ մի դրական հեռանկար չի ակնկալվում:  Իսկ Խարկովի ավիագործարանի աշխատակազմը պահանջել է շարունակել եվրաինտեգրման ուղղությունը միայն ռուսական շուկային այլընտրանքներ գտնելու դեպքում:

Նշենք, որ նոյեմբերի 29-ին ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում Ուկրաինան հրաժարվել էր Ասոցացման մասին պայմանագիր ստորագրել: Այսօր տեղի ժամանակով երեկոյան 19.00 –ին (Երեւանի ժամանակով՝ 21.00 -ին) արեւմտամետ ընդդիմությունը Կիեւի կենտրոնում զանգվածային ցույց է գումարելու, որի ընթացքում կորոշի իր հետագա գործողությունները: Միաժամանակ Կիեւում տեղի կունենա  «Եվրոմայդանի»  պատասխան ցույցը՝ կազմակերպված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի  «Ռեգիոնների կուսակցության» կողմից: