Հայաստանի կոմունիստները կոչ են անում երկրի նախագահ Սերժ Սարգսյանին եւ խորհրդարանին նոյեմբերի 29-ը՝ Հայաստանի խորհրդայնացման օրը, պետական տոն հռչակել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Տաճատ Սարգսյանը:

«Մինչ օրս Խորհրդային Հայաստանը պետական մակարդակով չի ճանաչվել որպես երկրորդ հանրապետություն: Դա իշխանությունների պարտականությունն է, մեր ժողովրդի ու ներկա իշխանությունների պատվի ու բարոյականության հարցը»,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ 1920 թվականի նոյեմբերի 29-ին անկախ Հայաստանի Հանրապետությունն իր 2,5 տարվա գոյությունից հետո դադարել է գոյություն ունենալ: Մեր երկիր է մտել խորհրդային 11-րդ բանակը եւ խորհրդայնացնել Հայաստանը: Հետագայում ՀԽՍՀ-ն ընդգրկվել է Խորհրդային Միության կազմում:Ներկայումս Հայաստանում պետականորեն նշվում է Առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ը եւ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը: