Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի եւ տուժող Հակոբյանի հաշտությունը այս պայմաններում բացառվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննությամբ զբաղվող քննչական բաժնի պետի նախկին տեղակալ, փաստաբան Ռուբեն Բալոյանը, ով «Նիվայի» վարորդ, գործով տուժող ճանաչված Արթուր Հակոբյանի ներկայացուցիչն է:
«Որեւէ հաշտության եզր ես չեմ տեսնում, երբ Վարդան Պետրոսյանը այս վթարի մեջ իրեն մեղավոր կճանաչի, եւ մի շարք փաստեր էլ կընդունի, այդ ժամանակ չեմ բացառում, որ այդ եզրը երեւա: Պետք է այդ երեխաների ծնողները իրեն ներեն, բայց այսօր նման թեմա ընդհանրապես օրակարգում չկա»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Ինչ վերաբերում է վթարի մոդելավորման 3D տարբերակը իրենց ներկայացնելուն, փաստաբանը շեշտեց, որ իր համար դա անընդունելի է, իսկ թե ինչու, հետագայում կանդրադառնա: «Իրենք ուրիշ տարբերակ չունեն, իրենք իրենց հոգու խորքում գիտեն, որ մեղավոր են:
Հաշտությունը այս պայմաններում բացառվում է: Ես չեմ ուզում հակագրոհ ձեռնարկել,եթե ես սկսեցի հակագրոհ ձեռնարկել հակառակ փաստարկներ բերել, ուղղակի ես չեմ ուզում, պետք է նորից սկսենք նախաքննության տվյալներ հրապարակենք, թեեւ ես այդ սահմանը չեմ անցնում, ինչ իրենք հրապարակել են, ես դրա շրջանակներում կասեմ ընդամենը: Ես լրացուցիչ որեւէ փաստաթուղթ չեմ հրապարակի, խմածության վիճակի մասին իրենք են առաջինը դրել քվեարկության, ոչ թե ես, ես հետո եմ դրան անդրադարձել, որ կասկածի տակ եմ դրել»,- նշեց Ռուբեն Բալոյանը:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է վթարի մոդելավորման 3D տարբերակը, բայց եթե գործը փակվի, այն չեն ներկայացնի հանրությանը: «Մենք սկզբից այն ցանկանում ենք ներկայացնել տուժող կողմին, այնուհետեւ քննարկենք որոշակի ժամկետում, թե ինչ անենք: Եթե նպատակը օբյեկտիվ ճշմարտությունն էր, մենք այն բացահայտել ենք, եթե կասկածներ կան, մենք կարող ենք ուղղորդել, որ իրենք դիմեն մի հեղինակավոր կազմակերպություն եւ իրենք մոդելավորեն վթարը: Այդ ծրագիրը թույլ չի տալիս որեւէ խեղաթյուրում անել, դու ընդամենը տվյալներն ես տեղադրում: Եթե տուժող կողմը համաձայնի որ դա է ճշմարտությունը եւ գործը փակվի, մենք այն չենք հրապարակի: Մեր նպատակն է, որ տուժողին վնաս չպատճառենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:





























