Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի դեմ եւս մեկ քրեական գործ կհարուցվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը՝ արձագանքելով Հարություն Սարգսյանի այն մեղադրանքներին, թե նա ծեծելով է նրանից ցուցմունքներ կորզել:

«Դա բացարձակ անհեթեթություն է  եւ զրպարտություն»,- նշեց Կարեն Բաբակեխյանը եւ ավելացրեց, որ Հարությունյանի վրա քրեական գործ կա հարուցված, սակայն ինքը այդ զրպարտության համար հետեւողական է լինելու եւ պահանջելու է, որ նրա դեմ եւս մեկ քրեական գործ հարուցվի: «Իհարկե պետք է պահանջեմ, որ պատասխան տա անհեթեթ մեղադրանքի համար: Մեկ քրեական գործ կա, բայց մեկն էլ կավելանա իր վրա»,- ավելացրեց Կարեն Բաբակեխյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 27-ին ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, ով մեղադրվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի՝ Կարեն Եսայանի, սպանության մեջ: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, նա կարդացել է իր ցուցմունքը, որ նախօրոք շարադրել էր թղթի վրա եւ ասել, որ ծեծի է ենթարկվել, թե  ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի, թե  նախկինում քրեական հետախուզության պետ ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի կողմից: