Կիեւից Բաքու ուղարկված 22-ամյա Ասատուր Խաչատրյանի մայրը՝ Անուշ Խաչատրյանը, պահանջում է, որ ավիաընկերությունը փոխհատուցի իրենց՝ պատճառված բարոյական վնասի դիմաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասատուրի մայրը:
Անուշ Խաչատրյանը նշեց, որ իրենց մինչեւ հիմա փոխհատուցում չի տրվել, ոչ էլ որեւէ մեկը կապ է հաստատել իրենց հետ:
Ասատորի հայրը՝ Սյոմա Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ որդին Կիեւից վերադառնալուց ամուսնացել է. ի դեպ, նա դեռ մինչեւ Կիեւ մեկնելը նշանված է եղել:
Ավելի վաղ Ասատուրի մայրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր. «611 չվերթի փոխարեն 601 են գրել: Երբ բարձրացել է ինքնաթիռ, նոր է հասկացել, որ Բաքու է թռչում: Ասել են` ոչինչ, դու գնա Բաքու, մենք քեզ Երեւան կճանապարհենք: Օդանավակայանում, որ հարցնեք, կպատմեն իմ վիճակը: Հոգեկանս խախտվել էր, գիտակցությունս կորցրել էի: Ում ուղեղի մեջ կտեղավորվի, որ որդին գնա իրա ոտքով թուրքի մոտ գերի ընկնի: Բա ծնողը ո՞նց կարար այդ ցավին դիմանալ: Փառք Աստծո, այս ամենը լավ ավարտ ունեցավ Կարմիր խաչի անմիջական աջակցությամբ»:
Օրեր առաջ էլ AnalitikaUA.net-ը տեղեկացրել էր, թե Կիեւի մարզի դատախազությունը լրացուցիչ ստուգում է իրականացրել եւ բացահայտել բոլոր մեղավորներին եւ սահմանել նրանց պատասխանատվության ենթարկելու միջոցները:





























