Հայաստանում ներդրումների ծավալով Ֆրանսիան ԵՄ երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովից շրջանակներում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ երկկողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին, ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն զգալիորեն նպաստում են հաճախակի փոխայցելությունները, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաեւ փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում եւ միջազգային հարթակներում:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը կարեւորել են նաեւ ակտիվորեն զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը, երկու երկրների գործարար շրջանակների միջեւ շփումները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենի արդյունքում հաջողությամբ զարգանում են հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունները:
Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները համակարծիք են եղել, որ այդուհանդերձ, երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացման զգալի ներուժ գոյություն ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք նպատակաուղղված աշխատանք իրականացնել:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:






























