Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը որոշել է բողոքի ակցիա իրականացնել դեկտեմբերի 2-ին ժամը 13:00-ին` Ազատության հրապարակում:

Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել  «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնող խումբը:

«երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի Պողոտա - Բաղրամյան պողոտա - նախագահական նստավայր ուղղությամբ: Նախաձեռնող խմբի կազմում են նաեւ «Ազատ Դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում Միավորում», «Երրորդ հանրապետություն», «Ժառանգություն», «Հայազն» կուսակցությունների անդամներ, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ», «Իրավունքի եւ Ժողովրդավարության Զարգացման ինստիտուտ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Քաղաքացիական գիտակցություն» եւ բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի եւ այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Հավաքը եւ երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից.

Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները,

Գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան,

Կասեցնել մաքսային միությանն անդամակցության գործընթացը,

Հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացից։ Կոչ ենք անում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին, նախաձեռնություններին ու անհատներին միանալ դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիք բողոքի միջոցառումներին»,-ասված է հաղորդագրության մեջ: