Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող Երեւանի օրերի մշակութային ծրագրի շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան Երեւանի պետական դրամատիկական թատրոնը Մոսկվայի Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» դրամատիկական թատրոնի բեմում ներկայացրել է «Ամենը վաճառքի» ներկայացումը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Կ. Ստանիսլավսկու անվան Երեւանի պետական դրամատիկական թատրոնի խաղին ռուս հանդիսատեսը ծանոթ է վաղուց, եւ երեւանյան արտիստների բեմելն իսկապես սպասված իրադարձություն էր մոսկովյան թատերական կյանքում:
Ալեքսանդր Օստրովսկու ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը սիրո խճճված մի պատմություն է, որը կոմեդիան վերածում է տրագիկոմեդիայի: Թատերագետների հավասtմամբ 19-րդ դարավերջին գրված պիեսն այսօր էլ չի կորցրել իր թեմատիկ արդիականությունը:
Քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը ողջույնի իր խոսքում նշել է, որ Մոսկվայում Երեւանի օրերի անցկացումը եւս մեկ լավ հնարավորություն էր ամրապնդելու երկու մայրաքաղաքների միջմշակութային կապերն ու միաժամանակ քննարկելու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Ներկայացման ավարտին ռուս հանդիսատեսները հիացմունքով նշել են, որ Երեւանի թատրոնի լավագույն ավանդույթները մնում են անփոփոխ, եւ ցանկություն են հայտնել ռուսական բեմերում ավելի հաճախ տեսնել երեւանյան թատերախմբերին:





























