Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.38-ին փրկարար ծառայություն ստացված ահազանգը, որ Երևանի Բաղրամյան 17 հասցեում՝ Մետրոպոլիտենի կայարանում, պայթուցիկ սարք է տեղադրված, կեղծ է եղել։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մետրոյի մուտքն այժմ բաց է։ Փրկարարները հեռացել են, տարածքում մնացել է միայն երկու ոստիկանական մեքենա, մարդկանց տեղաշարժը նախագահականի տարածքում կրկին թույլատրվել է։

Նշենք, որ մետրոյի «Բաղրամյան» կայարանը գտնվում է նախագահական նստավայրի դիմաց: 

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ահազանգի պատճառով դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, շտապօգնության եւ ոստիկանական մեքենաներ։ Մետրոյի մուտքը եւ նախագահականի շրջակա ամբողջ տարածքը փակվել էր ժապավեններով, մարդկանց տարածքից հեռացրել էին։