Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին  տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու սեմինարի, ինչպես նաեւ Վարդան Պետրոսյանի գործով մի շարք գործողություններ կատարելու: Մասնավորապես, փաստաբանը դիմելու է Սանկտ-Պետերբուրգի պետական փորձագիտական կենտրոնի, որպեսզի PS crash ծրագրով  3D ֆորմատով մոդելավորեն Վարդան Պետրոսյանի վթարը եւ այդպես ստուգեն իրենց կատարած մոդելավորումը, թե որքանով է այն ճշգրիտ: Դրանից բացի՝ տեղի փաստաբանների միջոցով դիմելու են Ռուսաստանում գտնվող «Նիվայի» արտադրամասին, որպեսզի մի շարք տվյալներ ճշտեն վթարի ենթարկված «Նիվայի» մասին, որը այստեղի «Լադան» լիարժեք չի կարողացել տրամադրել:

Նիկոլայ Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ դերասանի ազգականների միջոցով փորձում են դիմել Ֆրանսիայի մասնագետներին, որպեսզի մոդելավորեն վթարը:

Փաստաբանը նշեց, որ այս բոլոր գործողությունները ավարտելուց հետո, երբ անվիճելի կլինի վթարի մոդելավորումը, այն կներկայացնեն տուժող կողմին, առայժմ իրենց կողմից արված վթարի մոդելավորումը չեն ներկայացրել ոչ մեկին: «Նախեւառաջ, եթե մենք սխալ մոդելավորենք, առաջինը կվնասենք Վարդանին: Եւ հետո, մոդելավորման մեխանիզմը այնքան պարզ է, որ ցանկացած անձ, ունենալով քիչ թե շառտ տեխնիկական գիտելիքներ, կարող է պարզել՝  իմ կողմից սխալ է կատարվել, թե ոչ, ինչը շատ հեշտ է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ վթարի գործով երկու նոր փորձաքննություն է նշանակվել, որը նա որակեց անտեղի ժամանակի վատնում: Նշանակվել է դատահետքաբանական փորձաքննություն՝  «Նիվայի» կողային հայելիների խնդրով:  Նախաքննական մարմինը հայտնել է, որ «Նիվայի» կողային հայելիները գտնվել են մեքենայի սրահի մեջ, ինչը Նիկոլայ Բաղդասարյանը արժանահավատ չի համարում: «Երբ մենք աղմուկ ենք բարձրացրել, այդ ժամանակ հայտարարել են, թե հայելին հայտնվել է սրահի մեջ: Ո՞նց կարող է վթար լինի եւ հայելին հայտնվի մեքենայի սրահի մեջ, ու դա հայտնաբերվի ոչ թե զննության ժամանակ, այլ դեպքից մեկ ամիս հետո:

Ես  դրան չեմ հավատում, չի կարող նման բան լինել, հնարավոր չէ, որ մեքենայի զննության ժամանակ չհայտանբերեն հայելիները, հետո մի ամիս հետո զննություն կատարեն եւ գտնեն մեջը, ես խնդրել եմ ինձ թույլ տալ մասնակցել փորձաքննությանը»,- ասաց փաստաբանը:

Մյուս փորձաքննությունը, որը նշանակվել է, համակարգչատեխնիկականն է, որով փորձելու են ճշտել, թե Վարդան Պետրոսյանը վթարի օրը ում է զանգել, զննելու են հեռախոսազանգերը: Փաստաբանը շեշտեց, որ դա եւս ժամանակ շահելու համար է, կարող էին դերասանի հեռախոսազանգերի մասին տեղեկանալ «Վիվասելից»:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է վթարի մոդելավորման 3D տարբերակը, բայց եթե գործը փակվի, այն չեն ներկայացնի հանրությանը: «Մենք սկզբից այն ցանկանում ենք ներկայացնել տուժող կողմին, այնուհետեւ քննարկենք որոշակի ժամկետում, թե ինչ անենք: Եթե նպատակը օբյեկտիվ ճշմարտությունն էր, մենք այն բացահայտել ենք, եթե կասկածներ կան, մենք կարող ենք ուղղորդել, որ իրենք դիմեն մի հեղինակավոր կազմակերպություն եւ իրենք մոդելավորեն վթարը: Այդ ծրագիրը թույլ չի տալիս որեւէ խեղաթյուրում անել, դու ընդամենը տվյալներն ես տեղադրում: Եթե տուժող կողմը համաձայնի որ դա է ճշմարտությունը եւ գործը փակվի, մենք այն չենք հրապարակի: Մեր նպատակն է, որ տուժողին վնաս չպատճառենք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: