Քաղաքացիական ակտիվիստ, Ազատության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքի կազմակերպիչներից Դանիել Իոաննիսյանը բաց նամակով դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ նշելով, որ այսօրվա բողոքի ակցիան օրինական է:

«Ենթադրում եմ, որ արդեն տեղյակ եք, որ այսօր ժամը 13:00-ին Երեւան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որին կհաջորդի նաեւ երթ:

Հարկ եմ համարում հայտնել, որ հավաքի առիթ հանդիսացող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի մասին պաշտոնապես հայտարարվել է ս.թ. նոյեմբերի 27-ին: Այսինքն,  հավաքի կազմակերպիչները հավաքի մասին լիազոր մարմնին ոչ շտապ հավաքի համար սահմանված ժամկետում իրազեկում չէին կարող ներկայացնել:

Ուստի, համաձայն հավաքների Ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, այսօրվա հավաքը շտապ հավաք է, ինչի մասին իրազեկվել է լիազոր մարմինն:

Որես հավաքի մասնակից խնդրում եմ ապահովել հավաքի (այդ թվում` հանրահավաքի եւ երթի) անվտանգությունը, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 29-րդ  հոդվածով, Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով եւ Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքներ անցկացնելու իրավունքի իրացման ապահովումը»,- ասվում է բաց նամակում: