Դեկտեմբերի 2-ին առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կապակցությամբ «Ինքնիշխան Հայաստան» գրությամբ ցուցապաստառներով քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան լուսաբանելիս ակտիվիստների հետ բերման է ենթարկվել նաեւ լրագրող Թեհմինե Ենոքյանը։

NEWS.am-ին լրագրողը պատմեց՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել։

«Նկարահանման ավարտից հետո պատրաստվում էինք երթուղային նստել, մեզ մոտեցավ Շենգավիթի ոստիկանության աշխատակից՝ քաղաքացիական հագուստով և պարտադրեց նստել առանց ոստիկանական տարբերանշանի մեքենա: Քաղաքացիները փորձեցին բերման ենթարկելու հիմքերը ճշտել, անձը որևէ իրավական հիմք չներկայացրեց»,-պատմեց Թեհմինե Ենոքյանը։

Լրագրողի հարցին, թե ինչու են իրեն բերման ենթարկում , ոստիկանները նույնպես չեն պատասխանել։

«Արդյունքում բռնի ուժ է կիրառվել իմ նկատմամբ և զոռով նստեցրել են մի մեքենա, որը չունի ոստիկանական տարբերանշան: Վարորդը ամրագոտին չէր կապել, անգամ զգուշացումից հետո չկապեց: Ոստիկանական բաժանմունքում Արթուր Ավթանդիլյանին արգելում էին հեռախոսով Մարդու իրավունքների պաշտպանին զանգել և ոստիկանության աշխատակիցը հայհոյախառն արտահայտություններ էր թույլ տալիս իր մյուս աշխատակցի նկատմամբ. «Արա խոտ ե՞ս, քեզ չասեցի՞ չթողես զանգի...»։

Ոստիկանական բաժանմունքի մուտքի մոտ, Թեհմինե Ենոքյանի պատմելով, հայտարարել են, որ լրագրողն ազատ է և կարող է գնալ: Նրան այդպես էլ չեն ներկայացրել բռնի ուժով մեքենա նստեցնելու հիմքերը։ Լրագրողին ուղեկցել են Շենգավիթի ոստիկանության պետ Վահան Մամիկոնյանի աշխատասենյակ. «Պետը զարմացած հարցնում էր, թե լրագրողը ի՞նչ գործ ունի այստեղ, ինչու՞ են իրեն բերել իր աշխատասենյակ»:

Ոստիկանության մեկ այլ աշխատակցի սենյակում լրագրողը մոտ կես ժամ սպասել է, մինչեւ պարզեն ու ներկայացնեն իրեն բերման ենթարկելու հիմքերը. «Սպասում էի մյուս աշխատակցի սենյակում: Այդ ընթացում նա փորձում էր ճշտել քանի տարի է աշխատում եմ լրատվության ոլորտում, այստեղից հետո ուր եմ գնալու, որտեղ եմ բնակվում, ճանաչո՞ւմ եմ այս մարդկանց, ովքեր ակցիա էին անում»։

Կես ժամից Վահան Մամիկոնյանը ներս է մտել, ներողություն խնդրել իր աշխատողի անունից, խոստացել տույժի ենթարկել: Երկու օրից լրագրողին հրավիրել են ոստիկանություն՝ տեղեկացնելու՝ ինչ պատժամիջոց ենք կիրառել ոստիկանի նկատմամբ: