Այսօր՝ ապրիլի 6-ին Երեւանում իր աշխատանքներն է մեկնարկում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համագումարը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 300 պատվիրակներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Համագումարին չեն մասնակցում հայաստանյան բազմաթիվ իրավապաշտպաններ, որոնք բոյկոտել են այդ միջոցառումը, իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարվել է ելույթ ունենալու իր իրավունքից:

NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այդ իրավիճակը՝ իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին ապրիլի 6-ին նշել է, թե «Մեր գրանցումը ավարտված չէ, եւ յուրաքանչյուրը կարող է գալ եւ գրանցվել»:

«Իրավապաշտպանները, անկախ՝ թե որ երկրում են, բոլորն էլ նույն ընտանիքի անդամներն են»,- դիվանագիտորեն ասաց Նոբելյան մրցանակակիրը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանն էլ իր հերթին նկատեց, որ մի քանի իրավապաշտպաններ են հրաժարվել: «Դա իրենց դիրքորոշումն է, եւ մենք ողջունում ենք ցանկացած որոշում»,- նկատեց նա: