Երևանի Կենտրոն ոստիկանության բաժանմունքից ազատ են արձակել դեկտեմբերի 2-ին բերման ենթարկված քաղաքացիական 4 ակտիվիստներին` Օլյա Ազատյան, Բաբկեն Տեր-Գրիգորյան, Զարուհի Հովհաննիսյան, Արթուր Պետրոսյան:
Հիշեցնենք, որ ակտիվիստներին բերման էին ենթարկել Հերացի փողոցում «Սերժի պապան եկել ա» գրությամբ պաստառ փակցնելու ժամանակ:
Ակտիվիստները NEWS.am-ին ասել են, որ նրանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է «ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը»:
«Մեզ մոտեցան և ասացին, ձեզ հրավիրում ենք բաժին: Մեզ ապօրինի են տարել առանց իրական հիմք ներկայացնելու»,- ասաց Բաբկեն Տեր Գրիգորյանը` ավելացնելով, որ եթե իրավական հիմք չեն ներկայացրել ոստիկանները, իրենք չենք կարող իրավական պահանջ կատարել:






























