Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ամբողջ տարածքը փակված է արգելապատնեշներով, հսկում են մեծ թվով ոստիկաններ: Այս մասին Գյումրիից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիում այցելելու է եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Այս պահին եկեղեցու բակը մաքրում են ձյան մնացած շերտերից, տարածքը հսկում են մեծաթիվ ոստիկաններ:
Մեր թղթակիցը հաղորդում է, որ արդեն փակ է նաեւ Գյումրիի կենտրոնական հրապարակը:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակներում տեղի կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում եւ մայրաքաղաք Երեւանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Պուտինի այցի առիթով վաղ առավոտից փակ է Երեւանի Կենտրոնը, անվտանգության նկատառումներից ելնելով ամբողջ հանրապետությունում իրականացվում են լայնամասշտաբ միջոցառումներ:
Մի շարք նախաձեռնություններ, ակտիվիստներ այսօր տարատեսակ բողոքի ակցիաներ են նախաձեռնել, նրանք տարբեր պաստառներ են փակցում Երեւանի կենտրոնում եւ այլն: Վաղ առավոտից ոստիկանությունը բերման է ենթարկում բազմաթիվ ակտիվիստների:
































