Պակիստանից Ադրբեջան էքստրադիցիայի է ենթարկվել «Անտառային եղբայրներ» զինված խմբավորման ղեկավարներից մեկը՝ Սամիր Մեհդիեւը։ Այս խմբավորումը մեղադրվում է Բաքվի մզկիթներից մեկում ահաբեկչություն կատարելու մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ինչպես ասվում է հաղորդագրությանմեջ, Մեհդիեւը հետախուզման մեջ էր գտնվում 2008 թ. օգոստոսի 17-ին Բաքվի «Աբու Բեքր» մզկիթում կատարած ահաբեկչության կասկածանքով։

Բաքվում ահաբեկչություն կատարելուց հետո նա ապօրինի կերպով հատել է Իրանի, Թուրքիայի եւ Վրաստանի սահմանները, իսկ մինչ ձերբակալվելը եղել է Պակիստանում։

Ադրբեջանի քաղաքացիներից կազմված խմբավորման գործն այժմ ընթանում է Բաքվում։ Այս գործով մինչ օրս մեղադրվել է 26 մարդ, որոնց թվում են Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքացիներ։

Քրեական գործի նյութերի համաձայն, 31 հոգուց բաղկացած հանցավոր խմբավորումը ղեկավարել է «Աբդուլահ» մականունով Ազեր Միսիրխանովը։ «Աբդուլահի» խումբը նախատեսել էր 2008 թ. նախագահական ընտրությունների նախաշեմին խուճապ առաջացնելու նպատակով ահաբեկչությունների շարք իրականացնել Ադրբեջանում, ինչպես նաեւ պայթեցնել «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթատարը։

Ձերբակալման պահին խմբի անդամների մոտ մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել։