Այսօր` ապրիլի 6-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) Երեւանում մեկնարկած համաժողովում ամեն ինչ հարթ չի անցնում: Երբ ողջույնի համար խոսք տրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, դահլիճում խուլ դժգոհության ալիք անցավ, այնուհետեւ Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին վեր կացավ տեղից եւ անգլերենով սկսեց բացականչել. «Ամոթ», «Ամոթ Հայաստանի իշխանություններին, որ հովանավորում են մարդասպաններին», «Ամոթ Գագիկ Հարությունյանին, ով նույնպես այդ հանցագործ իշխանությունների մասն է եւ իր չափով մասնակից է մարդասպաններին հովանավորելու գործին»: Այսքանն ասելուց հետո նա ցուցադրաբար լքեց դահլիճը:
Երբ Գագիկ Հարությունյանը ելույթ էր ունենում, պարբերաբար դահլիճից սուլոցներ ու բողոքի բացականչություններ էին հնչում: Դահլիճում ներկաները պարզել էին պաստառ, որի վրա գրված էր «Ազատություն 14 քաղբանտարկյալներին»:
Գ. Հարությունյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ վերջին ժամանակահատվածում ՍԴ-ն 30 օրենքներ է հակասահմանադրական ճանաչել, որից մոտ կեսը եղել է ազատ դատաքննության իրավունքը չպահպանելու համար: «ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ամբողջ ինստիտուտներ, որոնք խոչընդոտել են արդար դատաքննությանը»,- ընդգծեց նա:
Ելույթ ունեցավ նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչը, ով խոսեց աշխարհում իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների, ձերբակալությունների եւ անգամ սպանությունների մասին: Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը այդ խնդրի վերաբերյալ առանձին բանաձեւ է ընդունել:
Հիշեցնենք, որ այն շենքի բակում, որտեղ անցկացվում է FIDH-ի համաժողովը, ՀԱԿ-ի ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք մարտի 1-ի 10 զոհերի նկարներով պաստառներ են պարզել, իսկ ակտիվիստ երիտասարդները կալանավորի հագուստներով են իրենց բողոքն արտահայտում:




























