Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի բացման արարողությանը (FIDH) կազմակերպության նախագահ Սուեր Բելասենը հրապարակել է Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատումը պահանջող կոչը Համաժողովի անունից։

Ըստ այդմ, FIDH-ը պահանջում է 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի, ինչպես նաեւ ուժային կառույցների կողմից ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ արդյունավետ քննություն անցկացնել: Նշվում է նաեւ, որ FIDH-ը մտահոգված է Հայաստանում ընտրական գործընթացների ու ազատ մամուլի նկատմամբ խոչընդոտների առկայությամբ:

«Վերջին ամիսների ընթացքում մենք շարունակաբար արտահայտել ենք այս մտահոգությունները Հայաստանի իշխանությունների առջև՝ ամենաբարձր ատյաններում, և այսօր կեսօրին մեկ անգամ ևս ասել ենք այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահին, ինչպես խոստացել էինք զոհերի և քաղբանտարկյալների ընտանիքներին, որոնց հանդիպել էինք երեկ»,- ասել է Սուեր Բելասենն ու հավելել. «Բոլոր այս հարցերը FIDH-ի համաժողովի համար կարևորագույն են, և այն լրջագույն կոչ է հղում այսօր իշխանություններին։ Մենք հուսով ենք, որ կստանանք կոնկրետ պատասխաններ մեր բոլոր մտահոգությունների վերաբերյալ։ Մենք շարունակելու ենք մեր հարցադրումները՝ մինչև որ պատասխան կստանանք»: