Վաղը` ապրիլի 7-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համաժողովին մասնակցելու եկած իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին պատրաստակամություն ու ցանկություն է հայտնել այցելել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին, Շիրին Էբադին ոգեւորված էր եւ անգամ ասել է, որ պատրաստվում է առավոտյան ծաղիկներ գնել ու ժամը 10-30-ին այցելել անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում մեկնարկել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համաժողովը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը եւ այլն:
Սակայն հայկական իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաեւ մադրու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, հրաժարվել են մասնակցել այդ համաժողովին, քանի որ իրենց իրավունք չի տրվելու արձագանքել իշխանությունների ներկայացուցիչների դիրքորոշումներին:
Հիշեցնենք, որ FIDH-ի նախագահ Սուեր Բելասենին այսօր ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի նախագահը հաջողություն եւ արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին եւ հույս հայտնել, որ նրանք այս օրերին նաեւ հնարավորություն կունենան ծանոթանալու մեր երկրի պատմությանն ու ավանդույթներին։



























