«Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովը ի թիվս այլ դիմումների քննելու է նաեւ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը:
Այսօր, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը դրական որոշում է կայացրել Արման Բաբաջանյանի հարցը անկախ հանձնաժողովին ներկայացնելու կապակցությամբ:
Արման Բաբաջանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, թե տեղյակ չէ՝ քննե՞լ են իր վաղաժամկետ ազատ արձակման հարցը, թե՞ ոչ: «Ինձ ասում են, թե անկախ հանձնաժողովը նիստ արդեն արել է, մի մասն էլ ասում է, թե չի արել: Սա է ամբողջ խնդիրը»,- ասաց քաղբանտարկյալը, իսկ ակնկալիքների վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Ես, իհարկե, ուզում եմ հավատալ, որ այս պահին, երբ ծայրահեղ առողջական վիճակում եմ, ամեն դեպքում հումանիզմը կհաղթանակի: Ակնկալիքներ ունենալ, թե քաղաքական որոշում կարող էր այլ դեպքում կայացվել, իսկապես միամտություն կլիներ: Իսկապես ծայրահեղ է վիճակս, եւ կարծում եմ՝ իշխանությունների քայլերն էլ այդ ծայրահեղ վիճակին համարժեք կլինեն»:
Եւ իսկապես, Արման Բաբաջանյանը դժվարությամբ էր պատասխանում մեր հարցերին, զգացվում էր, որ նույնիսկ հազիվ է կարողանում խոսել:
Հիշեցնենք, որ Արմանի գլխուղեղում հայտնաբերվել է 7,5 մմ մեծությամբ ուռուցքատիպ գոյացություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը: Ներկայումս նրա մոտ արձանագրվել է տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, ինչպես նաեւ նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող:
Հիշեցնենք նաեւ, որ 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի պատժաժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։




























