Երեկ Իրանի մայրաքաղաք Թեհրանի Մուսալլա մզկիթի եւ Բեհիշտ Զաֆրա գերեզմանոցի տարածքում տեղի ունեցած ցույցերի արդյունքում 50 մարդ է ձերբակալվել: Այս մասին, ըստ իրանական «ՄԻՀՐ» գործակալության, հաղորդել է Թեհրանի ոստիկանության վարչության ղեկավար գեներալ Ազիզուլա Ռաջաբզադեն: Նրա խոսքով, օրինական ընթացակարգերի անցկացումից հետո, ձերբակալվածների գործը կլսի դատարանը:
«Թեհրանի Վալիասր եւ Մուտահարի հրապարակներում տեղի ունեցած ցույցի մասնակիցների կողմից ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու արդյունքում մի քանի ոստիկաններ վիրավորվել են»,- ասել է Ռաջաբզադեն՝ հերքելով երեկվա ցույցերի արդյունքում զոհերի մասին լուրերը:
Նշենք, որ այն բանից հետո, երբ Իրանի ոստիկանությունը մերժել է ընդդիմության առաջնորդ Միր Հուսեին Մուսավիի եւ Մեհտի Քարուբիի խնդրանքը` Մուսալլա մզկիթում հոգեհանգստի արարողություն անցկացնել՝ նվիրված հունիսի 20-ին նախագահական ընտրություններին հաջորդող զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվածների հիշատակին, նախկին թեկնածուները հուլիսի 30-ին այցելել են զոհերի գերեզմանին: Ոստիկանությունը ուժով ցրել է Բեհիշտ Զահրա գերեզմանոցում հավաքված մոտ 500 անձանց: Ոստիկանությունը նաեւ Մուսավիին պարտադրել է լքել տարածքը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, հզոր ընդդիմադիր հուզումներ էին սկսվել Թեհրանում: Ընտրությունների արդյունքում հաղթանակը շնորհվել էր գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադին, իսկ ընդդիմադիր թեկնածու Միր Հուսեին Մուսավին մեղադրել էր իշխանություններին ընտրության արդյունքները կեղծելու մեջ եւ կոչ արել իր կողմնակիցներին բողոքի գործողություններ սկսել: Բախումների արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, սպանվել էր 20, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` 150 մարդ: Ձերբակալվել էին 1032 ցուցարարներ, որոնց մեծամասնությունն ազատ էր արձակվել:



























