Իրանը Իրան-Հայաստան երկաթուղու հայկական հատվածում ներդրում չի կատարի: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողներին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:

«Իրանն ամենասկզբից հայտարարել է, որ այդ երկաթուղու կարիքն այնքան էլ չունի: Բայց եթե ներդրողներ գտնվեն, ապա մեր պետությունը պատրաստ է պետբյուջեի միջոցներով կառուցել  մինչեւ հայկական սահման ընկած 60 կիլոմետրանոց հատվածը: Ինչ վերաբերում է հայկական հատվածին, ապա այստեղ Իրանը պատրաստ է ինժեներատեխնիկական խորհրդատվություն տրամադրել», - հստակեցրել է դեսպանը:

Հարցին՝ արդյոք Իրանը հեռաքրքրվածությունը կկորցնի Քազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման դեպքում, որն Իրանը Ադրբեջանի միջոցով կկապի Ռուսաստանին, դեսպանը պատասխանել է, որ Իրանը խոսք է տվել եւ կմնա հավատարիմ:  «Իրանը հաղորդակցման շատ տարբերակներ ունի, որոնք թույլ են տալիս պահել կապը Եվրոպայի եւ այլ շրջանների հետ: Բայց մենք հավատարիմ ենք նախկինում կնքված համաձայնագրերին», - ասել է Ռեիսին:

Հիշեցնենք, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման արժեքը, վերջին հաշվարկով, 3,5 մլրդ դոլար է:

Iran.ru-ի տվյալով՝ նոյեմբերի 19-ին Իրանի պաշտոնատար անձինք հայտնել էին, որ Քազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու թունելների կառուցման աշխատանքների 70%-ն ավարտված է, իսկ  երկաթուղին կներկայացվի արդեն 2014թ. մարտին: