Ադրբեջանական բանակում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի պատճառը, երբ զինվորները կրակ էին բացել սպաների վրա, սպաների կողմից ժամկետային զինծառայողներին բռնաբարելու փորձն է:
Հուլիսի 13-ին Ադրբեջանի զինուժի՝ Ֆիզուլիում գտնվող զորամասերից մեկում Գյանջայից զորակոչված Էմին Ռագիմովն ու իր ընկերը ինքնաձիգից կրակ են բացել հինգ սպաների վրա, արդյունքում զոհվել էին մի ենթասպա եւ մի ավագ լեյտենանտ: Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, թե զոհվել է նաեւ մի մայոր:
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ մայորն ու ենթասպան փորձել են բռնաբարել երկու նորակոչիկների, ինչին ի պատասխան Ռագիմովը ավտոմատային կրակահերթ է արձակել սպաների ուղղությամբ: Միայն սպայի մարմնից հայտնաբերվել է 27 գնդակ: «Թուրանը» նշում է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որեւէ կերպ չի մեկնաբանել կատարվածը, ինչը սովորական է դարձել նախարարության գործելաոճում: Ի դեպ, կատարվածի առնչությամբ, պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը պաշտոնից հեռացրել է Բեյլագանի կորպուսի հրամանատարի տեղակալ Սարվար Ջաբրաիլովին: Բրիգադի հրամանատարներին, սակայն, ձեռք չէին տվել, քանի որ, ըստ գործակալության, նրանք բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներ են: Ի դեպ, NEWS.am-ի տեղեկություններով, պաշտոնանկության է սպասում նաեւ Սաֆար Աբիեւը:
Համաձայն «Թուրանի» տվյալների՝ 2009թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ադրբեջանական բանակում սպանվել է 50 զինծառայող, որոնցից միայն 12-ն են սպանվել հայերի ձեռքով, մյուսները զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերություններին:


























