Ղրղզստանի մի շարք բնակավայրերում սկսված զանգվածային անկարգությունների հետեւանքով երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Արտակարգ դրության մասին հրամանն ապրիլի 7-ին ստորագրել է Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը։
Ինչպես հայտնում է 24.kg գործակալությունը, երկրի մայրաքաղաք Բիշքեկում ընդդիմության եւ իրավապահ ուժերի բախման հետեւանքով չորս մարդ է զոհվել։
Այս պահին բախումները շարունակվում են։
Շտապօգնության ծառայության տվյալներով, անկարգությունների կենտրոնում այժմ աշխատում են բժիշկների 32 խմբեր։ Թե քանի հոգի է վիրավորվել, դեռեւս հայտնի չէ, սակայն բժիշկների խոսքով՝ խոսքը տասնյակների մասին է։
Ինչպես հայտնում է «ԿԱԲԱՐ» գործակալությունը, Բիշքեկի հիվանդանոցներ անընդհատ նոր մարդիկ են ընդունվում։
Կենտրոնական «Ալա-Տոո» հրապարակում շարունակում են մարդիկ հավաքվել։ Մի քանի հազար ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք։
Չնայած հատուկ ծառայությունների՝ ամբոխը ցրելու ջանքերին, մարդիկ կրկին վերադառնում են կենտրոնական հրապարակ՝ ջանալով հասնել կառավարական շենքերին։
Այս նույն ժամանակ երկրի խորհրդարանը արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում են երկրում տիրող իրավիճակը եւ պարետային ժամի մտցման հարցը։




























