NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է Վաշինգտոնի «The Jamestown Foundation» հետազոտական կազմակերպության ավագ գիտաշխատող Վլադիմիր Սոկորի հոդվածը, որը հրապարակվել է «Eurasia Daily Monitor» -ում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին այցելեց Հայաստան, որպեսզի ամրագրի իր հաղթանակը Եվրամիությունից Հայաստանը հեռացնելու գործում:
Պուտինը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել էին, որ Հայաստանը երեք ամսվա ընթացքում բարձրագույն մակարդակի երեք հանդիպումների է մասնակցել՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանն անդամակցելու գործընթաց սկսելու նպատակով:
Ըստ Պուտինի՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ բանակցությունները ընթանում են փորձագիտական եւ գերատեսչական մակարդակներում՝ զուգահեռ ձեւաչափերով. Երկկողմ ձեւաչափով՝ Հայաստան-Ռուսաստան, բազմակողմ ձեւաչափով՝ Հայաստան-Եվրասիական տնտեսական հանձնաժողով: Այլ խոսքով՝ Պուտինի հայտարարությունը արտացոլում է Ռուսաստանի գերիշխող կարգավիճակը ՄՄ մնացած պետությունների շարքում:
Պուտինի այցի պտուղը տնտեսական մի շարք համաձայնգրերն էին, որոնք էլ ավելի կամրապնդեն Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: ՀՀ կառավարության, քաղաքական տարածքի եւ լայն հասարակայնության, ինչպես նաեւ Մոսկվայի տեսանկյունից՝ այդ համաձայնագրերը խթան են Ռուսաստանի հետ Հայաստանի էլ ավելի սերտացման համար:
Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունը, որն ավելի է խորացել Ռուսաստանից աշխատանքային միգրանտների գումարային փոխանցումներից կախվածության պատճառով, անհաղթահարելի խոչընդոտ է Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի նախաձեռնության համար: Այդ կախվածությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ներկայիս նախագահ Սարգսյանի կառավարման հետեւանքն է, որը փաստորեն հանգեցրել է Հայաստանի հիմնական տնտեսական ակտիվները Ռուսաստանին փոխանցելուն: Նրանց քաղաքականությունը նաեւ խոչընդոտել է Հայաստանում արեւմտյան խոշոր ներդրումներին:
ԵՄ-ն չի առաջարկել եւ ոչինչ չէր կարող առաջարկել ՌԴ-ի ճնշող տնտեսական ներկայությանն ի հակակշիռ, որն ըստ իր հայեցողության է գործում էներգետիկայի եւ տրանսպորտի ենթակառույցների հիմնական հատվածներում: ԵՄ-ի Արեւելյան գործընկերությունը կարող էր առաջարկել եւ առաջարկում էր համեմատաբար համեստ առեւտրային հնարավորություններ Հայաստանի համար՝ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերի միջոցով: Դրանք պետք է նախաստորագրվեին Վիլնյուսում ԵՄ-ի գագաթաժողովում: Սակայն Կրեմլը ժամանակին արգելափակեց այդ համաձայնագրերը եւ գրեթե էլեգանտ կերպով: Ընդ որում, Հայաստանի դեպքում մտրակը թափահարելու անհրաժեշտություն չեղավ:





























