Երկօրյա այցով Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիացի գործարարների հետ հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է, որ Թուրքիան իր ստորագրած համաձայնագրերի կիրառման մեջ վճռական երկիր է:

Հարցին, թե ի՞նչ վիճակում է Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների ընթացքը, Էրդողանը պատասխանել է. «Մենք միջազգային իրավունքի շրջանակներում մեր պարտականությունների կատարման մեջ վճռական երկիր ենք: Մենք միշտ ցույց ենք տվել, որ հավատարիմ ենք Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին: Եթե ինչ որ տհաճ ու անսպասելի բան չլինի, մեր ետ քայլ անելու մասին խոսք չի կարող լինել: Պետք չէ Թուրքիային պատմություն պարտադրել: Այս խնդրով մենք բազմիցս արտահայտվել ենք, որ անհրաժեշտ է ստեղծել պատմական հանձնաժողով, որը կլուծի բոլոր հարցերը: Սակայն խորհրդարաններում իրականացվող գործընթացը օգուտ չի բերի: Ենթադրում ենք, որ այս ամենը դրական ավարտ կունենա»: