Ապրիլի 3-ին Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության հանդիսությունների սրահում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Բենիլյուքսի երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել են Բելգիայի նորաստեղծ հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի կառուցվածքում գործող միությունների, կազմակերպությունների ղեկավարների հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպմանը մասնակցում էին նաեւ դպրոցների, երիտասարդական, սպորտային կառույցների, կանանց միության պատասխանատուներ, ֆեդերացիայում ստեղծվող գրական, նկարիչների, պարարվեստի բաժանմունքների ղեկավարներ: Ֆեդերացիայի ստեղծման անհրաժեշտության, խնդիրների, ծրագրերի մասին խոսել է ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Մինասյանը:
Այնուհետ սփյուռքի նախարարը ներկաներին տեղեկացրել է նախարարության մի քանի ծրագրերի, նախարարության եւ սփյուռքի կապերի, դպրոցական դասագրքերի, մանկական գրականության առաքման, ուսուցիչների վերապատրաստման հնարավորությունների, հայապահպանության մասին: Հանդիպման ընթացքում խոսք է գնացել Հայաստանի արտաքին քաղաքականության, Արցախի, Ջավախքի, հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս հարցերին պարզաբանումներ է տվել դեսպան Ավետ Ադոնցը: Երեկոյան, նույն սրահում կայացել է ջութակի երեկո՝ անվանի ջութակահար Արա Հակոբյանի մասնակցությամբ:




























