Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանի հետ միջադեպի արդյունքում տուժած կանայք գտնվում են «Արմավիր» բ/կ-ում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հիվանդանոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը:
Նա նշեց, որ կանանցից մեկը՝ Անիկ Սուրենի Միքայելյանը, պառկած է տրավմատոլոգիայի բաժանմունքում: Նրա մոտ առկա է կրծքավանդակի սալջարդ, վիճակը նորմալ է պետք է հետազոտվի: Կինը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն է ծեծել: Մյուս կինը՝ Արմիկ Հակոբի Դավթյանը, տնօրենի փոխանցմամբ, պառկած է թերապեֆտիկ բաժանմունքում, նա սրտային հիվանդ է, առողջական վիճակը վատացել է սթրեսից: «Կինը ասել է, թե ինքը տեսել է վեճը, հուզվել, վատացել, սթրես է տարել, իրեն չեն ծեծել»,- փոխանցեց տնօրենը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին եւ պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն:





























