Ապրիլի 7-ին Փարիզում կայացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ` նախօրոք 1 ժամ նախատեսված հանդիպումը տեւել է 1 ժամ 45 րոպե, որի ընթացքում Էրդողանի հրավերը՝ այցելել Թուրքիա, Սարկոզին ընդունել է: Հանդիպմանը Թուրքիայի վարչապետը կրկին հայտնել է, որ Թուրքիայի միակ նպատակը ԵՄ-ի լիիրավ անդամակցությունն է: Սարկոզին Էրդողանի ուշադրությանն է ներկայացրել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, սակայն Թուրքիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ խնդիրը կարելի է լուծել բանակցությունների միջոցով: Ֆրանսիայի նախագահը հայտնել է նաեւ, որ ահաբեկչության դեմ պայքարում կլինի Թուրքիայի կողքին, մասնավորապես՝ իր վճռականությունն է հայտնել PKK-ի դեմ տարվող պայքարին:

Էրդողանի եւ Սարկոզիի հանդիպման օրակարգի կարեւոր թեմաներից է եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Ֆրանսիայի նախագահը Թուրքիային իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ նշել, որ պատրաստ է գործընթացը հեշտացնելու համար ջանքեր գործադրել: Սարկոզին կարեւորել է ստրագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:

Թուրքիայի վարչապետը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ուշադիր հետեւել է Երեւանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ Հայաստան էր ժամանել Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ով Հայաստանի նախագահին էր փոխանցել Էրդողանի ուղարկած գրավոր եւ բանավոր ուղերձները: Էրդողանը իր ներկայացուցչից լսելով Հայաստանի նախագահի համաձայնությունը՝ հանդիպել ԱՄՆ-ում տեղի ունենալիք միջուկային համաժողովի շրջանակներում, գոհունակությամբ հեռացել է Փարիզից: