ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուսով են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն 2014-ի սկզբին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ Turan գործակալությանն ու «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանին՝ մեկնաբանելով միջնորդների ներկայիս այցը տարածաշրջան ու ղարաբաղյան խնդրի շուրջ իրավիճակը:

«Ներկայիս այցը մեր պարբերական այցերի բաղկացուցիչ մասն է: Այսօր կմեկնենք Ադրբեջանից ու կմեկնենք Հայաստան՝ հանդիպելու նախագահ Սարգսյանին: Վիեննայում արդեն կայացել է երկու նախագահների հանդիպումը, մենք ցանկանում ենք, որ հանդիպումները շարունակվեն»,-ասել է Ուորլիքը:

Այն հարցին, որտեղ ու երբ է ծրագրվում երկու երկրների նախագահների հանդիպումը, Ուորլիքը պատասխանել է. «Հանդիպման հստակ օրն ու տեղը առայժմ հայտնի չէ: Սակայն երկու երկրների ԱԳ նախարարները քննարկումներ են անցկացնում այդ թեմայով ու հուսով ենք, որ ամեն ինչ շուտով կպարզաբանվի»:

Նա նշել է, որ արդեն կա երկխոսության վերսկսման դրական միտումներ: Մասնավորապես, նվազել են շփման գծում մահացու ելքով միջադեպերը: Ուորլիքը նաեւ փաստել է, որ նշանակալիորեն նվազել է երկու երկրների ղեկավարության հռետորաբանությունը:

«Մենք, իհարկե, նոր գաղափարների կողմնակից ենք: Սակայն, ինչպես եւ ինչ ձեւով է լուծվելու այդ հարցը, կողմերը իրենք պետք է որոշեն: Որպես Մինսկի խումբ՝ մենք պետք է օգնություն ցուցաբերենք նրանց»,-նշել է Ուորլիքը՝ պատասխանելով «Մադրիդյան սկզբունքների» ու խնդրի լուծման նոր խթանների վերաբերյալ հարցին:

Արդյոք հնարավո՞ր են նոր նախաձեռնություններ ԱՄՆ կողմից:Այդ հարցին պատասխանելով՝ Ուորլիքը նշել է, որ ԱՄՆ հիմնական առաջնայնություններից է Մինսկի խմբի միջոցով խաղաղ կարգավորման հասնելը:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դերին ու հայ-թուրքական սահմանի բացմանը՝ Ուորլիքը փաստել է, որ Թուրքիան թե Հայաստանի, թե Ադրբեջանի հարեւանն է: Նա նշել, որ Թուրքիայի դերի մասին հարցին պատասխանելն իր լիազորությունների մեջ չի մտնում: Սակայն որոշակի պահի, այդ երկիրը կարող է իր դերակատարումն ունենալ:

Ամերիկյան համանախագահը իր խոսքում նշել է նաեւ, որ ղարաբաղյան կարգավորման հարցում ԱՄՆ ու Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են: Իսկ ինչ վերաբերում է կարգավորման հասնելուն, ապա այդ խնդիրը հակամարտության կողմերի պատասխանատվության շրջանակներում է, այլ ոչ թե որեւէ պետության: