Ամերիկայի հայկական գրադարանում եւ թանգարանում (ALMA) կբացվի հայ նկարիչ Դանիել Վարուժան Էջինյանի ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են 1996 թ.-ից ի վեր ցուցադրված Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշատախտակների հավաքածուներ։

Ամեն տարի հուշատախտակների վրա եղած գրառումների օգնությամբ նա կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս տարի կոչը հետեւյալն է. «Այո՛, մենք կարող ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։

Վարուժանի ծնողները Սիրիա գաղթել են 1915 թվականին։ Նա կրթություն է ստացել Խորհրդային Հայաստանում, իսկ 1979 թ. տեղափոխվել է ԱՄՆ։ Վարուժան Էջինյանի աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ հեղինակավոր մի շարք ցուցասրահներում։ Նրա ստեղծագործությունները ներկայացված են նաեւ ամբողջ աշխարհի մասնավոր հավաքածուներում։