Թուրքիայում դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք» սկանդալային գործողությունները սկսվել են թուրքական հայտնի հեռուստասերիալներից մեկում թաքնված ուղերձից հետո։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում նմանը չունեցած սկանդալային ձերբակալությունների ուղերձը տրվել է դրանից ժամեր առաջ ցուցադրված «Քարադայը» հեռուստասերիալում։  Նշվում է, թե հեռուստասերիալի մի հատվածում երեխան թերթ է վաճառում՝ հայտարարելով, թե թերթում կա հոդված, թե ինչպես է կաշառակեր դատախազի հայրը դիմում  որդուն։  Եւ այդ ընթացքում սերիալում ցուցադրվում է մի թերթ, որի աջ կողմի անկյունում տեղադրված է «Կաշառակեր դատախազի հայրը դիմում է որդուն» վերնագիրը, իսկ նկարներում հոր նկարը շատ նման է Ֆեթհուլլահ Գյուլենին (Գյուլենը մեղադրվում է նախարարների որդիների ձերբակալությունների հրահանգը արձակելու մեջ-խմբ)։ 

Աչքի է ընկել նաեւ, որ հիշյալ հրապարակման կողքին է գտնվում մեկ այլ հրապարակում՝ «Կառավարություն, հրաժարական տուր» վերնագրով։

OdaTV-ն ուշադրություն է դարձել այն փաստի վրա, որ վերջին շրջանում թուրքական սերիալներում սկսել են հայտնվել քաղաքական ուղերձներ։

Նշենք, որ  Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության  նախարարների որդիները։