Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա. Մ.-ն 2013թ. օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառներ Վ. Հ.-ին եւ Ա. Հ.-ին գումարով վարձատրության դիմաց թույլատրել է նստել իր կողմից շահագործվող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Երեւանյան լճի տարածքում, որի ընթացքում Վ. Հ.-ն եւ Ա. Հ.-ն պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ:
Ա. Մ.-ն մեղադրյալի իր ցուցմունքով հայտնել է, որ 2013թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ գործադրել են հոգեբանական ճնշում, չեն բացատրել իր իրավունքները, ինչի ազդեցության ներքո այդ օրը վերցրել են բացատրություն:
Բացի այդ, Ա. Մ.-ն նշել է, որ իր նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել նաեւ նույն քննչական բաժնի քննիչը:
Կատարվում է նախաքննություն:





























